Կայսերապաշտական հովերով ապրող պուտինյան Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ է կանգնել 1991թ հանրաքվեից սկսած հայ ժողովրդի որդեգրած արժեքային համակարգից եւ դարձել ռուսական իմպերիալիզմի կամակատար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ հայտարարությանը, թե մեր երկիրը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը։
Պարույր Հայրիկյանն այսօրինակ լուծումը համարում է անարժանատիվ եւ պարտվողական։ «Այս ամենը կարելի էր կանխել եւ սպառնալիքներին դիմակայել հրապարակային քննարկումներով եւ հրապարակային դիվանագիտությամբ։ Ռազմավարական նշանակության հարցերի քննարկման դաշտ պետք է ներգրաված լինի նաեւ միջազգային հանրությունը»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Հայրիկյանի խոսքով՝ բարյացակամ վերաբերմունքի դեպքում ՀՀ նախագահը իր վրա վերցնելով որոշում կայացնելու ծանրությունը, հաշվի չի առել այդօրինակ խնդիրներում մարդկային գործոնը, այլապես պետք է արձանագրել, որ գործ ունենք իր պաշտոնական դիրքին չհամապատասխանող հետին նկատառումներով կամ գաղտնի գործակալության ցանցի պետերի հրամաններով առաջնորդվող անձի հետ։
ԱԻՄ առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի պետական պաշտոնյան միայն սեփական ժողովրդի ճնշումը պետք է օրինական համարի, որեւէ այլ ճնշման առաջին իսկ ազդանշանը պետք է ընկալվեր անհարգալից եւ ագգի դեմ ու մարդկության համար վտանգավոր դրսեւորում։ Նրա խոսքով՝ բազմաթիվ պաշտոնյաներ խոսել էին եվրոպական կողմնորոշման նախընտրելիության մասին, այժմ ակնկալի է, որ նրանք պետք է հանդես գան հրաժարականների շարքով։
«Քառասուն տարի առաջ ասպարեզ իջեցնելով ինքնորոշման գաղափարը, դրանից հետո ռուսական բանտերում լինելուց հետո, ստեղծելով Ազգային ինքնորոշում միավորումը, ինձ հաջողվեց մեր ժողովրդի սեփականությունը դրաձնել սեպտեմբերի 21-ը։ Հիմա արդեն այլ է վիճակը, այսօր արդեն պետութենական կազմակերպություններ՝ պաշտոնապես գրանցված կուսակցություններ կան, բայց այս հարցում իրական դաշնակիցներ գտնելը շատ դժվար է։ Անգամ այս իրավիճակում նրանց ուշադրության կիզակետում աթոռն է, դրանք են, որ արդարության համար Պուտինի մոտ վազելով թուլացնում են մեր պետությունը, կամ լկտիաբար հայտարարում էին, թե Հայրիկյանի վրա չեն կրակել, հիմա բոլորիս վրա կրակեցին, կամ ընդդիմադիր էին եւ դարձան դեսպաններ»,- ասաց Պարույր Հայրիկյանը։
Նա նշեց, որ մեր միասնական խնդիրն է միասնական ուժերով ցույց տալ, որ սեպտեմբերի 21-ի ժառանգներն ենք, որ Աստվածատուր մեր ինքնորոշումից վեր ոչինչ չենք ընդունում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























