Համաշխարհային տնտեսական ֆորումի օրերս հրապարակած Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը՝ 148 երկրների շարքում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հիշեցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին խնդրելով ներկայացնել մրցակցության ոլորտին վերաբերող ցուցանիշները:

Ա. Շաբոյանն ասաց, որ Մրցունակության ցուցիչում հաշվի են առնվում մրցակցությանը վերաբերող երեք ցուցանիշներ, ու այդ երեքով էլ Հայաստանն ունի զգալի առաջընթաց: Այսպես՝ «տեղական մրցակցության ուժգնացում» ցուցիչով առաջընթացը 28 տեղով է: «Անցյալ տարի էլ առաջընթաց կար, սակայն մեզ քննադատում էին, որ զբաղեցրած դիրքը շատ ցածր է: Այս տարի մեր դիրքով ԱՊՀ այլ երկրների համեմատ առաջատար ենք»,- ասաց Ա. Շաբոյանը:

Հաջորդ ցուցիչը վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությանը, որտեղ առաջընթացը 19 կետ է: Այստեղ եւս առաջատար ենք ԱՊՀ-ում՝ Վրաստանից 41 կետով, Ուկրաինայից՝ 40 կետով, Ադրբեջանից՝ 32 կետով:

Հաջորդ ցուցիչը «գերիշխող դիրք գրավողների ազդեցությունն է շուկայի վրա»՝ բարելավումը 15 կետ է, զբաղեցնում ենք 75-րդ հորիզոնականը: Համեմատության համար՝ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան՝ 133-րդ, Վրաստանը՝ 119-րդ: Ըստ Ա. Շանբոյանի՝ առաջ ենք անցել նույնիսկ Արեւելյան Եվրոպայի երկրներից՝ Հունգարիայից, Սլովենիայից, Սլովակիայից:

Ա. Շաբոյանը նշեց, որ այս ցուցիչները հաշվարկվում են 200-ից ավելի գործարարների շրջանում փակ, գաղտնի հարցման միջոցով: Այսինքն՝ իրենք գործարարները բարձր են գնահատում մրցակցության վիճակը հանրապետությունում: