Ծովի ուժեղ ալեկոծության պատճառով Փոթիի նավահանգիստը լիարժեք ծանրաբեռնվածությամբ չի գործում, հայտնել է նավահանգստի աշխատակազմի ղեկավար Մարիկա Նադարայան:

«Արդեն խարիսխ գցած նավերը բեռնաթափում են, իսկ ծովում գտնվող նավերը ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում մոտենալ նավահանգստին», - ասել է Նադարայան:

Փոթիի  քաղաքապետարանի տվյալներով՝ ծովի ալեկոծության մակարդակը հասնում է 5-6 բալի, հայտնում է «Ինտերպրես Նյուզը»:

Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 5-ին տեղատարափ անձրեւ է սպասվում, հայտնել է երկրի  օդերեւութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Սվետլանա Նիորաձեն: Ըստ նրա՝ օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ 18 աստիճանի, սպասվում է սողանքային գոտիների ակտիվացում:

Նախօրեին Թբիլիսիում քամու արագությունը հասել էր 23 մ/վրկ.-ի, եւ  օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ 18 աստիճանի: Ցիկլոնը եկել էր ծովից, առափնյա բոլոր ծառայությունները գործում էին հատուկ ռեժիմով: Արգելվել էր ծովում լողալն ու նավերով շրջելը: Եղանակը էլեկտրամատակարարման  զանգվածային խափանում չէր առաջացրել:

Ըստ օդերեւութաբանների՝ Վրաստանում եղանակը կկարգավորվի վաղը, եւ արեւոտ օրերը կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 14-ը: Ըստ կանխատեսումների՝ անձրեւ սպասվում է միայն սեպտեմբերի 11-ին: