Նախագահի հայտարարությունն առաջին քայլն է, որը պետք է քննարկվի եւ համապատասխան վերաբերմունքի արժանանա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ հայտարարությանը, թե մեր երկիրը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը։
Նա նշեց, որ նախագահի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, այն դառնում է գործող օրենք, երբ ԱԺ-ն քննարկում է, իսկ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հակասահմանադրական չէ։
Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությանը, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի օրակարգում է, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ միջազգայնագետ Վիգեն Սարգսյանը պետք է որ լավ հասկանա, որ երկկողմ հարաբերություններում կա երկրորդ կողմի տեսակետ, որը հստակ ասել է, թե մեզ համար չկա «եւ, եւ, դու միաժամանակ չես կարող լինել եւ ավազակի, եւ ազնիվի դաշնակիցը»։
Նա շեշտեց, որ Պուտինի դիրքորոշումը ավազակային է, վերականգնել Սովետական միությունը, եւ մենք պետք է կողմնորոշվենք՝ հավատարիմ ենք 1991 թ հարաքվեին եւ եվրոպական արժեքներին, թե ստալինյան արժեքներին։
Անդրադառնալով եվրոպական երկրների արձագանքին Հայաստանի նախագահի հայտարարությանը՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ նրանք Հայաստանի նկատմամբ բացառիկ բարյացակամ վերաբերմունք ունեն, բայց չի կարծում, թե նրանք անընդմեջ պետք է աչք փակեն։ «Նրանք հասկանում են, որ Հայաստանը իրեն շատ վատ պահեց, բայց հասկանում են, որ Հայաստանին պետք է ապրել ու այս պահին, երբ ՌԴ-ն Սմերչ տվեց Ադրբեջանին, նրան դարձրեց ՌԴ-ի կատաղած շունը, հետեւաբար, ընդամենն ըմբռնումով են մոտենում»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























