Սեպտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 8-ից Կոմիտաս 5 հասցեում վերսկսվել է բարձրահարկի շինարարությունը։ Օգտվելով շինաշխատանքների դադարեցումը պահանջող ակտիվիստների բացակայությունից եւ տարածքում վերահսկողություն իրականացնող մեծ թվով ոստիկանների ներկայությունից՝ շինարարները երեք բեռնատար են մտցրել շինհրապարակ, էքսկավատորի փորած հողը դուրս բերելու համար։

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Թովմասյանը NEWS.am-ին պատմեց, որ  հարակից շենքերի բնակիչները փորձել են  արգելել մեքենաների մուտքը տարածք։ Նրանք նստարաններ են դրել մեքենաների ճանապարհին ու նստել դրանց վրա։ Ոստիկանները միջամտել են եւ ուժով հեռացրել բնակիչներին։ Ոստիկաների հետ քաշքշուկի ժամանակ բնակիչներից մեկը՝ 78-ամյա Էմմա Արիստակեսյանը, որը սրտի հետ խնդիրներ ունի, ուշագնաց է եղել։ Բնակիչների կանչով դեպքի վայր եկած շտապօգնությունը նրան առաջին օգնություն է ցուցաբերել եւ տեղափոխել տուն։ Կնոջ վիճակը հիմա բավարար է։

Այս պահին շինարարությունը Կոմիտաս 5-ում շարունակվում է։ Ոստիկանները բնակիչներին թույլ չեն տալիս խոչընդոտել աշխատանքը։ Բնակիչները սպասում են քաղաքացիական ակտիվիստներին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am