Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա Վահագ  Պետրոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը  բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով: 

Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օգանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 39-ամյա Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին եւ պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետեւանքով վերջինս հիվանդանոցում մահացել է:

Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել  խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակն  առգրավվել  է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: