1990-ական թվականներից հարցումներ են անցկացվում, թե Հայաստանը որ երկրի հետ կցանկանար սերտ կապեր հաստատել եւ միշտ առաջին տեղում եղել է Ռուսաստանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները Ռուսաստանի մասով 40 տոկոսից չի իջել, իսկ 55-ից չի բարձրացել:

«Երկրորդ տեղում միշտ եղել է Եվրամիությունը, իսկ երրորդ տեղում՝ Պարսկաստանը, որի հաջորդում է ԱՄՆ-ը: Մյուս երկրների դերակատարությունը 1-3 տոկոսի սահմաններում է: Դա Ուկրաինան է, Վրաստանը, Ղազախստանը»,- մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ դրամական փոխանցումների առումով, նախորդ տարի Հայաստան է եկել 1,7 մլրդ դոլար, որից 1,44 մլրդ-ը՝ Ռուսաստանից: Ադիբեկյանի խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ ընտանիքը ապրում է Ռուսաստանից եկող գումարների շնորհիվ: Իսկ ներդրումների մասով նա ասաց, որ ԱՄՆ-ից ներդրումները կրճատվել են 8 միլիոն դոլարով, Ուկրաինայից՝ 6 միլիոնով, իսկ Ռուսաստանի մասով 2 տոկոսով աճել է:

Այդուհանդերձ, սոցիոլոգը նկատեց, որ Ռուսաստանը տեխնիկապես հետամնաց երկիր է, իսկ Եվրոպան՝ առաջատար: Բացի այդ, Հայաստանն իր ապրանքները կարող է վաճառել միայն Ռուսաստանում: Նա նաեւ ասաց, որ ով լավ կրթություն է ստացել, լավ անգլերեն գիտի, Եվրոպայի է ձգտում, իսկ ում հարազատությունը ՌԴ-ում է, Ռուսաստանին են ձգտում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am