Մաշտոցի պողոտայում ծեծի ենթարկված Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակից 22-ամյա Արման Ալեքսանյանի հաղորդման հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում, այսօր՝ սեպտեմբերի 5-ի գիշերը, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արգիշտիի փողոցից, «կրծքավանդակի եւ մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Արամ Ա.-ին, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Ըստ Արամ Ա.-ի հայտարարության` նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ 10-15 անհայտ անձինք հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը եւ ասել էր, որ Արամի հետ եղել են եւս երկու հոգի, սակայն նրանց հաջողվել է փախչել:
Հիշեցնենք, որ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:




























