«Ամեն ինչ կարվի, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չմտնի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Նշելով, որ թեպետ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին համապատասխան բանաձեւեր ընդունելը համարում է հայ-թուրքական գործընթացի հետեւանք, նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ դրանք հետագա առաջընթաց չեն ունենա։
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը միանշանակորեն չի վավերացնի երկկողմ արձանագրություները. «Բայց նաեւ ուրախալի է, որ հայկական կողմը, չնայած արտաքին ճնշումներին, առաջ չընկավ եւ առաջինը չվավերացրեց դրանք»,- ասաց Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ ճիշտ կլինի, եթե Սերժ Սարգսյանը ապրիլի կեսերին, առհասարակ չընդունի ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրավերը եւ չմեկնի ԱՄՆ. «Եթե պետք է գնաս ավելի մեծ ճնշումների ենթարկվելու, ավելի լավ է ընդհանրապես չգնալ։ Օբաման պետքարտուղար Քլինթոնի միջոցով հասկացնել է տվել՝ Սերժ Սարգսյանը գնաց Ֆրանսիա, ոչինչ չասաց, գնաց Ռուսաստան, նորից ոչինչ չասաց, թող գա, տեսնենք՝ մեզ ինչ պիտի ասի։ ԱՄՆ-ում մեզ ոչ մի լավ բան չի սպասվում»,- նկատեց կուսակցության նախագահը։
Անդրադառնալով արտահերթ համապետական ընտրությունների թեմային՝ Ա. Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ դրանք իսկական փրկություն կլինեն Հայաստանի համար. «Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար բոլոր նախադրյալները գոյություն ունեն։ Բայց գոնե իրեն փրկելու համար կգնա՞ արդյոք այդ քայլին իշխանությունը՝ չգիտեմ»,- ամփոփեց Ա. Կարապետյանը։
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն իր վերջին հանրահավաքին պահանջել էր հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ համապետական ընտրություններ անցկացնել։



















