Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը մեզ դուրս կթողնի ղարաբաղյան գործընթացից: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Կոնկորդ» վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նրա կարծիքով՝ դա տեղի կունենա այն պատճառով, որ Մաքսային միությունը ենթադրում է պետական կառույց, որը պետք է ոչ միայն համակարգի միասնական մաքսային քաղաքականությունը, այլեւ իրավական ակտեր ընդունի: «Իսկ դա նշանակում է ինքնուրույնության կորուստ նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: Այդ դեպքում կարելի է մոռանալ այն մասին, որ Արցախի հետ կապված ինչ-որ հարցեր կլուծվեն Հայաստանի մասնակցությամբ: Բաքուն հարցերը լուծելու է ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի հետ»,-հայտարարեց Շահնազարյանը:

Նա համարում է, որ այդ նպատակին Մոսկվան հասել է Հայաստանի վրա ճնշումների գնով՝ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելով, ինչպես նաեւ Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ, որտեղ կարող էին ուղղակի սպառնալիքներ հնչել Բաքվի կողմից: «Հաշվի առնելով ռազմավարական հարաբերությունները, որը Ռուսաստանը կառուցում է Ադրբեջանի հետ, դա բացառել չի կարելի»,-ամփոփեց Շահնազարյանը: