Միասնական մաքսային միությունը կխեղդի Հայաստանում քաղաքացիական ակտիվությունը: Լրագրողներին այսօր՝ սեպտեմբերի 5-ին նման տեսակետ է հայտնել «Կոնկորդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի մուտքը Միասնական մաքսային միություն դե ֆակտո նշանակում է Ռուսաստանի պրոտեկտորատ: Այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կկրկնօրինակեն ռուսական ոչ միայն պետական, այլեւ հասարակական կառույցները: «Սա կնշանակի Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ընդհատում, իսկ Հայաստանում առկա դրա բոլոր կառույցները կհասցվեն այն մակարդակի, որում դրանք այսօր գտնվում են Ռուսաստանում», - հայտարարել է Շահնազարյանը:
Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանի մուտքը Միասնական մաքսային միություն ինքնին հակասահմանադրական է, քանի եր ՀՀ Սահմանադրությունը ինքնիշխանության որեւէ զիջում չի ենթադրում: «Սահմանադրական ոչ մի փոփոխություն չի կարող շրջանցել Հիմնական օրենքի այս պահանջը: Իսկ Միասնական մաքսային միությունը ենթադրում է ոչ թե միջպետական, այլ վերպետական կառույցի ստեղծում, որը որոշումները չի համաձայնեցնելու առանձին պետությունների հետ»,- նշել է Դավիթ Շահնազարյանը:
Ստեղծված պայմաններում, հավելել է նա, միակ ելքը Միասնական մաքսային միություն մտնելու պայմանագրի ստորագրումը թույլ չտալն է:
«Պետք է դիմադրեն բոլոր քաղաքական ուժերը, որոնց համար Հայաստանի անկախությունը գլխավոր արժեքն է», – ասել է նա:





























