Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց Հայաստանի համար չափազանց կարեւոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը եւ ի՞նչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը;

«Առաջին՝ մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը եւ պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են»,- ասաց Տ. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք հետեւյալն են. կառավարման դպրոցների որակ՝ 120-րդ տեղ, երկրում տաղանդների պահպանման ունակություն՝ 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղ, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղ եւ համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղ:

Տ. Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ուսումնասիրել իրենց ոլորտի վերաբերյալ մրցունակության զեկույցը եւ նախապատրաստել առաջարկություններ: