Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանին երկրորդ անգամ վիրահատելու համար անհրաժեշտ է 300 հազար դրամ, որն ընտանիքը չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանի հայրը` Վաղինակ Սարգսյանը:
Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը հոգում է վիրահատության ծախսերը, սակայն ընտանիքը ցանկանում է, որ որդու գլխի մեջ ոչ թե պլաստամս տեղադրվի, ինչի համար նախարարությունը վճարում է, այլ մետաղ, որն արժե 300 հազար դրամ: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, հայրը գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ, սակայն որդու հետ կատարվածից հետո վերադարձել է եւ մինչեւ նա չապաքինվի, չի գնալու ոչ մի տեղ: Վաղինակ Սարգսյանը նախկինում աշխատել է Մեծամորի ատոմակայանում, այժմ նորից դիմել է այնտեղ աշխատանքի անցնելու համար:
Հայրը նշեց, որ երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարը մեծ չէ, եթե աշխատանք ունենար, ինքը կաներ դա, այժմ սպասում է, որպեսզի աշխատանքի անցնի եւ կարողանա վճարել անհրաժեշտ մետաղի համար: Վաղինակ Սարգսյանը շեշտեց, որ ինքը չի սիրում այս ու այն կողմ ընկնել, փող խնդրել ուրիշներից, այդ պատճառով էլ ոչ մեկին չի դիմել օգնության համար:
9 ամիս զինված ուժերում ծառայելուց հետո Հրաչյա Սարգսյանն այսօր 1-ին կարգի հաշմանդամ է, ամբողջ օրն անց է կացնում տանը: Դեպքից բացարձակ ոչինչ չի հիշում, այդ օրը կարծես իր հիշողության մեջ չի էլ եղել: Վաղինակ Սարգսյանն ասաց, որ հրազենային վնասվածքի հետեւանքով նրա ձախ կողմը դեռ թույլ է, մեծ դժվարությամբ է քայլում, շուտ է հոգնում, իսկ ձախ ձեռքը չի կարողանում օգտագործել, չնչին շարժումներ է անում:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























