Իրանի խորհրդարանը խնդրել է երկրի կառավարությանը ձեռնպահ մնալ ռուսական արտադրության հին ուղեւորատար ինքնաթիռներ գնելուց: Պատճառը վերջին օրերին երկիրը շոկի մեջ գցած երկու ռուսական ինքնաթիռների վթարներն է: Այս մասին, ըստ «Ֆարս» գործակալության, հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Տրանսպորտի փոխնախարար Ահմադ Մաջիդին, հղում անելով տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանիի խորհրդարանականների հետ հանդիպմանը, ասել է. «Հանդիպման ընթացքում խորհրդարանի պատգամավորները կրկնել են, որ կառավարությունը կարող է ներմուծել ռուսական ինքնաթիռների նոր մոդելներ, եթե միայն դրանք համապատասխանեն անվտանգության չափանիշներին»: Պատգամավորներն ընդգծել են նաեւ ներմուծվող ինքնաթիռների մանրազնին հետազոտման անհրաժեշտությունը` ներգրավելով բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաեւ զերծ մնալ օգտագործված ռուսական ինքնաթիռների ներմուծումից:
Իրանի քաղավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներն ու տրանսպորտի նախարարը խորհրդարանականների քննարկմանն են ներկայացրել 184 մարդու կյանք խլած վերջին երկու ավիավթարներին վերաբերող զեկույցը:
Հիշեցնենք, որ այդ ավիավթարներից մեկը հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարն էր, որի ժամանակ զոհվեցին Իրանի, Հայաստանի ու Վրաստանի 168 քաղաքացիներ: Դրանից 10 օր անց Իրանի Մեշխեդ քաղաքի օդանավակայանում վթարի ենթարկվեց եւս մեկ ինքնաթիռ, որը խլեց 16 մարդու կյանք, եւս 21-ը վիրավորվեցին:




























