Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի համար անակնկալ էր դասախոս Արամ Մուրադյանի կաշառք ստանալու պահին ձերբակալման լուրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արշալույս Թարվերդյանը: Նա նշեց, որ ձերբակալումը համալսարանի տարածքում չի եղել, դեպքի մասին այլ մանրամասներ չգիտի:
«Մի կողմից ցավալի է, այդպիսի ճանապարհ անցած խելահաս մարդը պետք է հասկանա, որ այդպիսի քայլն անթույլատրելի է: Մյուս կողմից, զարմացած եմ, անսպասելի դեպք է, առավել եւս, որ հիմա` այս շրջանում, քննություն չպետք է լիներ, քննաշրջան չէր: Քննությունները սկսվում են հոկտեմբերի 5-ից, նույնիսկ քննական հանձնաժողովները ձեւավորված չեն, դժվար է բացատրել վարքագիծը»,- ասաց նա:
Ռեկտորն ասաց, որ Արամ Մուրադյանն աշխատանքից ազատված չէ, քանի դեռ պաշտոնական գրություն չեն ստացել, չի եղել դատարանի որոշումը, վճիռը, նրան աշխատանքից ազատելու իրավունք չունեն:
Արշալույս Թարվերդյանը տեղեկացրեց, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալված դասախոսը իրենց մոտ աշխատում էր 1996թ, սկզբից որպես ասիստենտ, այնուհետեւ պաշտպանել է թեկնածուականը եւ դարձել դոցենտ: Վերջին տարիներին անասնաբուծության ամբիոնում աշխատանքից բացի` աշխատում էր նաեւ Ինքնավերլուծության կենտրոնում` որպես առաջատար մասնագետ է, զբաղվում էր ինքնավերլուծության գործընթացով: Արշալույս Թարվերդյանի փոխանցմամբ` այդ ընթացքում նա իրեն դրսեւորել է այնպես, որ երբեք կասկածելու տեղիք չի տվել;:
Ռեկտորը ուսանողների կողմից եւս որեւէ ակնարկ, դժգոհություն չի լսել նրա հասցեին: Ավելին` դասախոսներին գնահատելու սոցիոլոգիական հարցումների ժամանակ նա երբեք ցածր գնահատականներ չի ունեցել:Արշալույս Թավերդյանն ասաց, որ Արամ Մուրադյանը 48 տարեկան է, ամուսնացած է, ունի 12-ամյա որդի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` սեպտեմբերի 3-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի «Խ»-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























