«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները շարունակելու են սպասարկել բնակչությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` արձագանքելով տեղեկություններին, թե հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Կինգ դելյուքսի» գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը (Պալաչ) եւ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներն այլեւս բարեգործական փոխադրումներ չեն իրականացնի:

Ավելի վաղ տարածված տեղեկություններ էին տարածվել, որ «Կինգ դելյուքսի» կողմից շահագործվող Երեւան-Աբովյան թիվ 259 եւ Երեւան-Չարենցավան ավտոբուսների երթուղիներին զուգահեռ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար երթուղիները չեն շահագործվի: Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, որ ճիշտ այնքան ժամանակ, որքան Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի ունի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցության անհրաժեշտությունը, այն էլ սոցիալական առաջնային ծայրահեղ հարցերում, բարեգործական աջակցությունը շարունակվելու է: «Այնքան ժամանակ որքան մարդիկ ունեն այդ օժանդակության կարիքը, այդ օժանդակությունը լինելու է»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը: