Ե. Կողբացի փողոցի տներից մեկի բակում սեպտեմբերի 5-ի գիշերը մարզական կազմվածքով 7-8 հոգու կողմից ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Սուրեն Սաղաթելյանը դեռ հիվանդանոցում է եւ այսօր վիրահատելու են նրա քիթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկակ Արշամյանը: Նա պատմեց, որ դժվար թե դեմքով ճանաչի իրենց ծեծած տղաներին, քանի որ մութ է եղել: «Մարզված հաստավզեր էին: Նրանք կոնկրետ նպատակով գիտեին ինչի համար էին եկել: Ոստիկանությունը եւ շտապօգնությունը շատ շուտ արձագանքեցին մեր կանչին եւ եկան»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ իրենց պայքարին:
«Վնասվածքների պատճառով այս պահին տանը անկողնային պայմաններում ֆեյսբուքի միջոցով եմ շարունակում պայքարը: Իսկ ապաքինվելուց հետո արդեն կմիանամ ընկերներիս»,- ասաց Հայկակ Արշամյանը:
Ոստիկանությունից էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա Սուրեն Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Տեր-Գաբրիելյան եւ Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրենց: Ժամը 23.20-ին էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում: Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարզական կազմվածքով 7-8 հոգանոց խումբը Հայկակ Արշամյանի վրա է հարձակվել այն պահին երբ նա դուրս է եկել մեքենայից, իսկ Սուրեն Սաղաթելյանին հարվածներ են հասցրել հենց մեքենայում: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները: Տղաներին տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Սուրեն Սաղաթելյանը գլխի պատռվածք ունի, կոտրվել է ձեռքի մատը, իսկ Հայկակի քիթն է վնասվել, հնարավոր է, կոտրվածք է:




























