Նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ եգիպտական հասարակության պառակտումը հասնում է բանակ:
Պարզվում է, զինվորներից ոչ բոլորն են պատրաստ ենթարկվել հրամանատարության հրահանգներին եւ մինչեւ վերջ պայքարել «Մահմեդական եղբայրների» դեմ:
Բանակի շարքերում պառակտման հիմնական պատճառներից մեկը «Եղբայրների» ցույցերը ճնշելու դաժանություն է եւ շարժման նախկին ղեկավարների նկատմամբ բռնությունը, նշում է «Կոմերսանտը»:
Գեներալները օգնության համար դիմել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք հեղինակություն վայելող հոգեւոր գործիչների:
Բանակում մարտական ոգին պահելու համար պաշտպանության նախարարությունը մի քանի տեսահոլովակներ է պատվիրել՝ այդ մուֆթիների մասնակցությամբ:
Դրանցից մեկում «Մահմեդական եղբայրների» հայտնի քննադատ Ալի Գոմաան զինվորներին բացատրում է, որ իսլամիստների դեմ պայքարը նրանց «սրբազան պարտքն է» եւ կոչ է անում առանց առարկելու կատարել հրամանները: «Դուք ոչ թե հրամանատարին, այլ Աստծուն եք ծառայում»,- մեկ այլ հոլովակում հիշեցնում է մուֆթի Ամր Խալեդը:
Ֆեթվերի տեղեկատվական պատերազմի մասին հայտնի է դարձել, երբ ներքին օգտագործման այս հոլովակները հայտնվել են ցանցում:





























