Ադրբեջանի գերագույն դատարանում սեպտեմբերի 6-ին կքննվի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովի բողոքը, որը վերաբերում է նրան որպես նախագահի թեկնածու գրանցելու ԿԸՀ-ի մերժմանը: Այս մասին գրում է Turan-ը՝ վկայակոչելով փաստաբան Ֆուադ Աղաեւին:
«Եթե Իբրահիմբեկովի հայցը չբավարարվի, բողոքը կհանձնվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին», - ասել է Աղաեւը:
Հարկ է նշել, որ Իբրահիմբեկովի պաշտպանությունը բողոքը մտադիր է ՄԱԿ-ի հանձնաժողովին փոխանցել, քանի որ Ստրասբուրգի դատարանը չի զբաղվում նախագահական ընտրությունների հետ կապված հարցերով:
Հիշեցնենք, օգոստոսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Ռուստամ Իբրահիմբեկովի բողոքը քննելու համար իրավական հիմքեր չէր գտել:
Ադրբեջանի ԿԸՀ-ն չէր հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Գլխավոր պատճառ էր նշվել նրա երկքաղաքացիությունը եւ այլ պետությունների նկատմամբ ունեցած պարտականությունները:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին:





























