«Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից  ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին» Երեւանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 6-ին,կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամոըլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ օրենքի պահանջները եւ դրա հիման վրա ընդունված Երեւանի ավագանու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել է, որ պետք է մեկ անգամ եւս գրավոր ծանուցել տնտեսվարողներին՝ հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` դրան կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման:

«Այս գործընթացը պետք է լինի շարունակական եւ մշտական հսկողության ներքո: Մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ Երեւանի ավագանու ընդունած որոշման կիրառումը պարտադիր է բոլորի համար»,- նշել է Կամո Արեյանը՝ ավելացնելով, որ հարակից տարածքների պարտադիր բարեկարգումն ապահովելու մասին նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից է գրություններ ուղարկվել պետական եւ հասարակական կառույցներին:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաեւ նշել է, որ կնախապատրաստվեն ավագանու որոշմամբ ձմռան ամիսների համար սահմանված բարեկարգման աշխատանքների մասին ծանուցումները, որոնց բաշխումը եւս կիրականացվի աշնան ընթացքում: