Գործող ռեժիմն օգտագործում է իր երկու հիմնասյունները՝ ոստիկանությունը եւ կրիմինալը, որպեսզի դրանց միջոցով փորձի կոտրել հասարակական ակտիվի ալիքը։  Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Armenia Today կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։

Նա նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում տեսնում ենք, որ մի կողմից ոստիկանությունը, իսկ մյուս կողմից կրիմինալը ուղղակի որս են սկսել հասարակական ակտիվ քաղաքացիների նկատմամբ, ոստիկանությունը զբաղված է ակտիվ քաղաքացիներին բերման ենթարկելու, բռնություններ գործադրելու, սպառնալիքներ հնչեցնելու, նրանց իրավունքները սահմանափակելու գործողություններով։

Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ են ծեծի ենթրակվել, հարձակումները տեղի են ունենում Երեւանի կենտրոնում, որտեղ հստակ տեսագրվում են այդ ամենը, սակայն այդ գործերը չեն բացահայտվում, մինչդեռ ցանկության դեպքում դա ընդամենը վայրկյանների հարց է։ «Ինչո՞ւ մինչեւ հիմա չեն բացահայտվում այդ գործերը: Այդ ամբողջը թույլ է տալիս պնդել, որ դրանք բոլորը համակարգված եւ կազմակերպված գործողություններ են։ Իշխանություններն այս ակտիվի մեջ տեսնում են վտանգ, ռեժիմի եւ հասարակության արանքում կանգնած են այս խմբերը, դրանք կոտրելը կբերի ծանր հետեւանքների, թույլ կտա իրականացնել լայնամաշտաբ ռեպրեսիաներ»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը՝   կոչ անելով հասարակությանը պայքարել։

Նա անդրադարձավ նաեւ երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժ Զատիկյանին, բերման ենթարկվելուն։ Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունում նստած են մարդիկ, որոնք Ստեփան Զատիկյանին պապա են ասել, Նժդեհը եւ Ստեփան Զատիկյանը ՀՀԿ-ի սիմվոլն են, եւ այժմ բերման են ենթարկում «սիմվոլի տղուն»։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք քրեաօլիգարխիկ ռեժիմ, ապա այսօր փորձ է կատարվում անցնել ոստիկանական ռեժիմի։ Տեսնում ենք անցումը դեպի ոստիկանական բռնապետության»,- ասաց Armenia Today-ի գլխավոր խմբագիրը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am