Մշակույթի նախարարության մոտից այսօր՝ սեպտեմբերի 6-ին, երեկոյան 18:00-ին մեկնարկած «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության երթը մոտավորապես մեկուկես ժամ հետո ավարտվել է «Ծածկած շուկայի» մոտ:

Մինչեւ «Ծածկած շուկա» հասնելը ցուցարարները եղել են դատախազության եւ քաղաքապետարանի մոտ: Ընդհանուր առմամբ, երթն անցել է առանց լուրջ միջադեպերի: Մի փոքր լարվածություն  է առաջացել «Ծածկած շուկայի» մոտ: Այստեղ մինչեւ երթի մանսակիցների ժամանելը հավաքվել էին գործարար պատգամավոր, շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանի մի քանի տասնյակ կողմնակիցները: Նրանք այնպես էին փակել փողոցը, որ ակտիվիստները նույնիսկ չեն կարողացել շուկայի մայթ անցնել, կանգնել են դիմացի մայթին, բարձրախոսով ելույթներ ունեցել՝ պահանջելով դադարեցնել շուկայի շինարարությունը: Ցուցարարները փորձել են  բանակցության հրավիրել Ալեքսանյանի մարդկանցից որեւէ մեկին, սակայն դիմացի մայթից ոչ ոք չի մոտեցել: Ցուցարարները կարճ ժամանակ անց հեռացել են: Քիչ հետո կամաց-կամաց սկսել են ցրվել նաեւ Ալեքսանյանի կողմնակիցները: