Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, սեպտեմբերի 6-ին, այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազա, որտեղ ծանոթացել է բազայի կառուցապատման եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործնական պարապմունքների եւ վարժանքների համար բազայի վարժահրապարակում տեղադրվել են գնացքի վագոններ, շատ շուտով այստեղ իրենց տեղը կգտնեն նաեւ երկու ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ, ինչպես նաեւ բենզալցակայան եւ բենզատար մեքենա:

Ամբողջությամբ նորոգելուց եւ տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության եւ միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաեւ տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։

2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» եւ «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։

Այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ: Շենքն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման համակարգերով, պատրաստ են սենյակները, սանհանգույցներն ու խոհանոցները, փոխվել են դռներն ու պատուհանները: Ընթացքի մեջ են արտաքին հարդարման աշխատանքները:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից եւ հանձնարարել շուտափույթ սկսել հյուրանոցի կահավորման աշխատանքները, որպեսզի ՀՀ մարզերից, Արցախից եւ արտերկրից ժամանած գործընկերները կարողանան այնտեղ գիշերել եւ գործնական պարապմունքներ անցկացնել վարժահրապարակում: