Հայ ազգային կոնգրես կուսակցությունը այս տարվա հոկտեմբերին երիտասարդական համագումար կանցկացնի: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կայացած ՀԱԿ վարչության նիստում, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստում հաստատվել են իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, տնտեսական եւ բնապահպանական հարցերի, հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաեւ տնտեսական եւ բնապահպանական հարցերի եւ հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների եւ առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ: Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի եւ դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

«Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու եւ դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ: Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ: