Գյուղատնտեսության նախարարությունում, սեպտեմբերի 9-ից մեկնարկում է հանրային բաց քննարկումների եւ բանավեճերի ամենշաբաթյա ծրագիրը: Քննարկման առաջին թեման ընտրվել է «Հայաստանի պարենային անվտանգությունը», հաշվի առնելով պարենային ինքնաբավության հետ կապված այսօրվա մարտահրավերները:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես կգա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կմասնակցեն գիտնականներ, ՀԿ ներկայացուցիչներ, կբանախոսեն ոլորտի պատասխանատուները՝ տեսապատկերված ցուցադրությամբ ներկայացնելով Հայաստանի պարենամթերքների ինքնաբավության ընդհանուր մակարդակը, կպատասխանեն թեմատիկ հարցերի: Թեման կդիտարկվի երկրի սոցալ-տնտեսական եւ քաղաքական համատեքստում, կհրապարակվեն օրվա օպերատիվ տվյալները, կներկայացվեն այս տարվա կանխատեսումները:

Նոր նախագծի շրջանակում հետագա քննարկումների համար նախանշված են Հայաստանի անտառների պահպանության եւ զարգացման, սննդի անվտանգության հիմնախնդիրները, պտուղբանջարեղենի մթերման եւ արտահանման քաղաքականությունը, գյուղացիական տնտեսությունների խոշորացման ծրագրերը:

Հեռուստատեսային լրատվական ծրագրերի ղեկավարների, պարբերականների խմբագիրների մասնակցությունը խիստ օգտակար կլինի, որովհետեւ, տվյալ մեդիառեսուրսի քաղաքականությունից ելնելով, նրանք նոր թեմաներ ու ձեւաչափեր առաջադրելու հնարավորություն կստանան:

Հիշեցնենք, որ բոլոր լրատվամիջոցների եւ հասարակական շահագրգիռ կազմակերպությունների մուտքն ազատ է. յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 12.00-13.30-ը: