Լոնդոնում Թուրքիայում ապրող անօրինական հայերին հետ ուղարկելու հայտարարությունն արած Թուրքիայի վարչապետին ուղղված քննադատական հրապարակումով է հանդես եկել թուրքական Milliyet-ի թղթակից, վերլուծաբան Քադրի Գյուրսելը:

«Ցավոք Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելորդ ինքնավստահությունը դարձավ Թուրքիային նեղ վիճակի մեջ գցելու պատճառ: Ինքնավստահության սինդրոմով տառապող առաջնորդները հավատում են, որ իրենք մեծ գործեր կարող են անել եւ ամեն իրավիճակում իրենք ճիշտ են, ինչը բերում է սխալ որոշումների եւ այդ երկրները վտանգավոր կորուստներ են ունենում: Պատմության մեջ սրա օրինակները շատ են: Մենք BBC-ին տված հարցազրույցում տեսանք, որ Էրդողանի ինքնավստահությունը թույլատրելի չափերն անցել է: „Իմ երկրում 170 հազար հայ կա: Նրանցից 70 հազարը իմ երկրի քաղաքացի է, իսկ մյուս 100 հազարը մեր երկրում անօրինական են ապրում: Իսկ ես ի՞նչ անեմ վաղը: Այդ 100 հազարին ասելու եմ դե գնացեք ձեր հայրենիք; Դա եմ անելու: Ինչո՞ւ. Որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն եւ պարտավոր չեմ իմ երկրում նրանց պահել“-նշել է Էրդողանը:

Նախ մի ոճային քննադատություն: Պարոն վարչապետ, այդ նշած 100 հազարը ձեր ձեռքում քաղաքական պատանդի վիճակո՞ւմ են…: Չե՞ք զգում, որ ձեր ոճը վայել չէ ժողովրդավարական երկրի վարչապետին: Կամ էլ պարոն վարչապետ, ասացիք, որ 70 հազարը իմ քաղաքացին է: Ոչ, նրանք քո քաղաքացիները չեն` այլ Թուրքիայի հանրապետության քաղաքացիներն են:

Բարոյականության առումով, սրանից ավելի ցածր կողմ չկա: Ցանկալի է, չէ՞, որ արեւմտյան երկրների խորհրդարաններում ցեղասպանության նախագծերը կանխարգելվեն: Շատ լավ, իսկ ո՞ր բարոյական հասկացության մեջ է տեղավորվում անօրինական ապրողներին նման նպատակների համար օգտագործելը: Մի՞թե այն երեխայական տրամաբանությունն ունեք, թե հիմա հայերին կվռնդենք, նրանք ետ կգնան Հայաստան, այնտեղ տնտեսությունը կքանդվի, եւ հայերը Սփյուռքին կասեն „Հետ կանչեք ցեղասպանության օրինագծերը“: Իսկ Սփյուռքն էլ կասի՝ „այո“: Իսկ մի՞թե Սփյուռքի դեմ միջոցը` ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը չէ: Թե՞ այս իշխանության վերնախավը վրեժխնդրության սինդրոմ ունի: Այսինքն, եթե ԱՄՆ-ում կամ Շվեդիայում որոշ հայեր վատություն են արել` մենք էլ այստեղ ցանկացած հայի բռնենք ու վատություն անենք: Կամ ո՞ւմ վատություն անենք:

Եվրասիայի հիմնադրամի համատեղ զեկույցում նշվել է, որ Թուրքիայում անօրինական ապրող հայերի 96 տոկոսը կանայք են եւ հիմնականում 1988-ի երկրաշարժից տուժածներ, որոնք երեխա են պահում, կամ մաքրարարությամբ են զբաղվում: Ինչո՞ւ պետք է նրանց վատություն անենք: Վարչապետի նշած թիվն էլ բավականին ուռճացված է: Այդ խնդրով զբաղվող Ալին Օզինյանը նշել է, որ Թուրքիայում անօրինական ապրում է 13-15 հազար հայ: Հայկական հարցը „փափուկ“ ձեւով կլուծվի: Եւ ստորագրված արձանագրությունները` հենց դա են ապահովում Թուրքիային»,-նշել է իր հրապարակման մեջ Քադրի Գյուրսելը: