Հայաստանի կենտրոնական բանկն անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 2-8 ժամանակահատվածում ֆինանսական շուկայում վաճառել է 4.05 մլն դոլար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից:

Ամենայն հավանականությամբ՝ ինտերվենցիան տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ին: Մինչ այդ դոլարն արագ ամրապնդվում էր՝ շաբաթվա սկզբի 406 դրամից շաբաթվա վերջում հասնելով 412 դրամ փոխարժեքին: Դոլարի հետագա կտրուկ բարձրացումը թույլ չտալու համար էլ իրականացվել է 4 մլն դոլարի վաճառք՝ 412.79 դրամ փոխարժեքով: Սա նպաստել է հանգստյան օրերին փոխարժեքի կայունացմանը:

Նշենք, որ 2013 թ. ընթացքում ԿԲ-ն արժույթի շուկայում դոլար վաճառել էր միայն մարտին՝ 44.8 մլն դոլար: Դրանից հետո ԿԲ միջամտությունը փոխարժեքին թուլացել է, ու բացառապես տեղի է ունեցել դոլարի գնումների միջոցով: Ռեկորդային գնումներ իրականացվել են օգոստոսին՝ մոտ 40 մլն, իսկ ապրիլ-օգոստոսին ընդհանուր առմամբ գնվել է մոտ 65 մլն դոլար: