Անհրաժեշտ պաշտպանության հիմնավորմամբ՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի իրավաբանության ու տրամաբանության հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը` շեշտելով, որ անպայման բողոքարկելու են այդ որոշումները:
Նա նշեց, որ դրանք ընդունվել են՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները եւ հիմնվելով միայն Խաչատրյանների ցուցմունքների վրա: Հայկ Ալումյանը շեշտեց, որ այդպիսով դժբախտություն է պատահել Հայաստանի արդարադատության հետ:
Անդրադառնալով միջադեպին` փաստաբանը նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ, որից 11-ն արձակվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից, Ավետիք Բուդաղյանը մահացել է 4-5 վնասվածքից:
Փաստաբանը պատմեց, որ Ավետիք Բուդաղյանը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրեն Խաչատրյանի պնդումներից հետո՝ հայտնվել է նրա մեքենայում, իսկ դրանից հետո ծեծված վիճակում փողոց է հանվել: Տանը եղբայրը նրան այլայլված է տեսնում, հարցուփորձ անում, Ավետիքն էլ պատմում է մեքենայի մեջ տեղի ունեցածը: «Արտակն էլ ասում է՝ այս ամենը այսպես չպետք է թողնենք, պետք է պարզենք՝ ինչու այդպես արեցին, բայց Ավետիքը արգելում է նրան որեւէ գործողություն կատարել: Արտակը իր ծառայողական մեքենայով պատրաստվում է մեկնել Ղարաբաղ, եղբայրը մի քանի անգամ զանգում է հեռախոսով՝ ճշտելու` արդյոք ճանապարհից չի՞ շեղվել եւ Սուրիկ Խաչատրյանի տուն չի գնացել, բայց Արտակն անջատում է հեռախոսը: Ավետիք Բուդաղյանն էլ մտածում է՝ եղբայրը գնացել է հարցեր պարզելու, գնում է Սուրեն Խաչատրյանի տուն: Հասնելով այդտեղ ու տեսնելով, որ եղբայրը այնտեղ չէ՝ փորձում է հետ գնալ, բայց մի քանի զինված անձինք մոտենում են, նրան հանում մեքենայից ու քաշքշում»,- պատմեց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով` Արտակ Բուդաղյանը, որ արդեն Գորիսից դուրս գալու ճանապարհին էր, Սուրեն Խաչատրյանի տան մոտ նկատում է իրենց մեքենան, մոտենում է եւ տեսնում է. որ եղբայրն այնտեղ է: «Տեսնելով Արտակի մեքենան՝ հարձակվողներից երեքը մոտենում են Արտակին: Նա էլ վերցնում է չլիցքավորված որսորդական հրացանը, որպեսզի իրեն չմոտենան: Նախկին մարզպետի տնից դուրս են գալիս երկու կանայք, ովքեր Բուդաղյաններին հրելով իջեցնում են ներքեւ, կարող էր ոչինչ չլինել, բայց Սուրեն Խաչատրյանի որդին՝ Արտակը, տեսնելով եղբոր ընկնելը. իր զենքից երկու կրակոց է արձակում: Տասնմեկ կրակոց եղել է մյուս կողմից, Ավետիքը չորսից-հինգ մարմնական վնասվածքով մահացել է»,- ասաց նա:
Հայկ Ալումյանը շեշտեց, որ Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները: Արտակ Բուդաղյանը պնդում է, որ եղել է կրակոց նաեւ դղյակի վերեւի պատուհանից: «Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի: Արտակի ասածներն ունեն հաստատում, տեսագրությունը նայեք, կտեսնեք, որ մի գնդակ դիպչում է ասֆալտին, վերեւ բարձրանում: Քննիչներն ու փորձագետներն արեցին ամեն ինչ, որ այդ գնդակի հետքը չհայտնաբերվի: Այդ հատվածը փչացվեց, որ գնդակի տեղը չհայտնաբերվի, հնարավոր չեղավ գտնել, երբ տեսագրության մեջ պարզ երեւում էր՝ գնդակի հետքը որտեղ պետք է լինի: Տեսագրությունն ունի նաեւ ձայնագրություն: Խոհանոցի տեսախցիկն ուներ նաեւ ձայնագրող սարք: Պարզվեց, որ վերջին կրակոցն ավելի ուժգին էր, քան նախորդները: Գիտե՞ք ինչ արեցին փորձագետները, ասացին վերջին կրակոցի ժամանակ երկու կրակոց համընկել է, դրա համար էլ ուժգին է լսվել»:





























