Տարօրինակ է, որ Սուրիկ Խաչատրյանի՝ «Բերետտա» տեսակի ինքնաշեն ատրճանակը քննչական մարմինը գնահատել է որպես օրինական զենք: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ ապացույցներ ունեն, ըստ որի` Սուրեն Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ «Բերետտա» տեսակի ատրճանակը ինքնաշեն է, ինչը նշանակում է, որ այն գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած ատրճանակ է, հետեւաբար` այդ ատրճանակը չի կարող լինել օրինական եւ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն անձը, ով այդ ատրճանակը սարքել, պահել ու օգտագործել է:
Թեեւ այս հանգամանքին, փաստաբանի խոսքով, քննչական մարմինը պնդում է, թե այդ ինքնաշեն ատրճանակը օրինական կարգով 2009-ին Սուրեն Խաչատրյանին տվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Հայկ Ալումյանը շեշտում է, որ հենց Սուրեն Խաչատրյանի զենքով է կատարվել Ավետիք Բուդաղյանի սպանությունը, հետեւաբար` նախկին մարզպետի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվեր՝ զենքի պահպանման կանոնները խախտելու մասով: Հայկ Ալումյանը ուշադրությունը հրավիրեց այդ հոդվածի վրա, ըստ որի` այս երեւույթը համարվում է հանցագործություն, եթե առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա շեշտեց, որ նախաքննական մարմինը մեղադրանք չէր առաջադրում Սուրեն Խաչատրյանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչեւ պարզվեց, որ ծանր հետեւանք չկա, քանի որ սպանություն չէ, այլ ինքնապաշտպանություն: Նա նշեց, որ այս հնարքով Սուրեն Խաչատրյանին ազատել են քրեական պատասխանատվությունից:





























