Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի հիշում` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին զենք նվիրել է, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: «Ես հիմա չեմ հիշում, ընդամենը չեմ հիշում, այդքան բան»,- ասաց նա:
Հարցին, թե դա ինքնաշեն «Բերետտա» ատրճանակ է եղել, նախկին ոստիկանապետը նկատեց. «Ի՞նչ կարծիքի եք` ոստիկանապետը ինքնաշեն ատրճանա՞կ է նվիրում: Ես չեմ հիշում` նվիրել եմ, թե չէ, բայց եթե ես նվիրած լինեմ, դա կլիներ օրինական, նորմալ զենք` գործարանային արտադրության, ոչ թե՝ ինքնաշեն»,- ասաց նա` նորից շեշտելով, որ ընդհանրապես չի հիշում Սուրեն Խաչատրյանին զենք նվիրել է, թե ոչ:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասել էր, որ ապացույցներ ունեն, ըստ որի` Սուրեն Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ «Բերետտա» տեսակի ատրճանակը ինքնաշեն է, ինչը նշանակում է, որ այն գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած ատրճանակ է, հետեւաբար` այդ ատրճանակը չի կարող լինել օրինական եւ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն անձը, ով այդ ատրճանակը սարքել, պահել ու օգտագործել է: Թեեւ այս հանգամանքին, փաստաբանի խոսքով, քննչական մարմինը պնդում է, թե այդ ինքնաշեն ատրճանակը օրինական կարգով տրվել է Սուրեն Խաչատրյանին՝` 2009 թ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից: Հայկ Ալումյանը շեշտում է, որ հենց Սուրեն Խաչատրյանի զենքով է կատարվել Ավետիք Բուդաղյանի սպանությունը, հետեւաբար` նախկին մարզպետի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվեր՝ զենքի պահպանման կանոնները խախտելու մասով:





























