Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, սեպտեմբերի 7-15-ին, մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Վերջինս համարվում է օիմպիական խաղերից հետո աշխարհում երկրորդը՝ իր ընդգրկման մասշտաբներով, նշանակությամբ եւ տեղի են ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում:

Այս խաղերին մասնակցում են պետություններ՝ եւ ոչ թե անհատներ: Սեպտեմբերի 7-ին Նիցցայի Մասսենա հրապարակում տեղի է ունեցել միջոցառման բացման հանդիսավոր արարաղությունը՝ շուրջ 3500 մարզիկների, ֆրանսախոս երգի եւ բեմի մեծաթիվ անհատականությունների մասնակցությամբ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահում էր բացման պաշտոնական արարողությունը: Հանդիսությունն իրենց ներկայությամբ պատվել էին Լիբանանի, Կոտ դ’ Իվուարի, Սենեգալի նախագահները, ինչպես նաեւ 29 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ:

Հայաստանյան պատվիրակությունը եւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարաի Յուրի Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի բացման շքեղ արարողությանը: Ի դեպ, Հայաստանի մասնկացությունն այս խաղերին երկրորդն է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանն այստեղ ներկայանում է առաջին անգամ: Սպորտային եւ մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 5 մայրցամաքի 54 երկրի պատվիրակներ, թվով՝ 2500 մասնակից, խաղերին տեղում հետեւում է ավելի քան 200.000 հանդիսատես եւ 50 միլիոն հեռուստադիտող` ողջ աշխարհում:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ֆրանկոֆոնիայի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարներ տիկին Յամինա Բենգիգիի եւ Վալերի Ֆուրներոնի հետ: Վալերի Ֆուրներոնի հետ հանդիպման ընթացքում նախարարները պատրաստակամություն են հայտնել սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնել եւ զարգացնել:

Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն մրցույթի 5 մարզաձեւում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս, աթլետիկա, ձյուդո եւ ազատ ոճի ըմբշամարտ: Նախնական ցուցակում տարբեր պատճառներով (մասնակցություն աշխարհի առաջնությանը, մարզումների ժամանակ ստացած վնասվածքներ եւ այլն) կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկներ Միհրան Ջաբուրյանին կփոխարինի Օհան Գիքինյանը, Վալոդյա Ֆրանգուլյանին՝ Աշոտ Տերտերյանը, Սերգեյ Հովսեփյանին՝ Նարեկ Սիրունյանը, ձյուդոիստ Գոռ Հարությունյանին՝ Տիգրան Վարոսյանը, սեղանի թենիսի մարզիչ Արթուր Պողոսյանին՝ Ֆելիքս Սարգսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի եւս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) եւ 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը: Ձյուդո մարզաձեւը Նիսում կներկայացնեն ` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):

Թեթեւ ատլետիկա մարզաձեւում կներկայանան հեռացատկորդներ` Վարդան Փահլեւանյանը, Արսեն Սարգսյանը, Լեւոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը ,Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք): Սեղանի թենիս մարզաձեւում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):

Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում եւ այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվել է արծաթե եւ բրոնզե 3 մեդալներով: