Դատարանը պետք է օբյեկտիվ եւ արդարացի որոշում կայացնի՝ բնապահպանական խնդիրները բարձրաձայնող ակտիվիստի խոսքը չի կարող զրպարտող համարվել: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում ասվում է.

«Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ: Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու եւ զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է  Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների եւ էլեկտրաշոկի կիրառման մասին:

Սեպտեմբերի 10-ը ՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐՆ է: Դատարանը պետք է օբյեկտիվ եւ արդարացի որոշում կայացնի՝ բնապահպանական խնդիրները բարձրաձայնող ակտիվիստի խոսքը չի կարող զրպարտող համարվել, իսկ աշխատողների իրավունքները բռնաբարող ընկերությունն ավելի ճիշտ կլինի իր ներքին խոհանոցը կարգի բերի: Պահանջում ենք օբյեկտիվ եւ արդարացի վճիռ: Չե´նք հանդուրժելու ակտիվիստի ձայնը լռեցնելու որեւէ քայլ:

Սեպտեմբերի 10-ին` ժամը 16:30, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ: Վայրը` Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ներսիսյան փողոց 10 (8-րդ հիվանդանոցի մոտ):

Հիշեցնենք, որ ընկերության թույլ տված բազմաթիվ խախտումներին հայաստանյան մամուլն անդրադարձել է՝ սկսած դեռ 2006 թ.-ից: Դինո Գոլդը ջանք չի խնայել իր բարի համբավը փրկելու համար եւ 2011 թվականին դիմել է աննախադեպ քայլի՝  աշխատանքից հեռացնելով գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային եւ նրա կնոջը: Օրերս աշխատանքից հեռացված նախկին տնօրենը վերադարձել է Հայաստան եւ հարցազրույց տվել «Առավոտ» օրաթերթին, որտեղ ներկայացրել է իրեն եւ կնոջը աշխատանքից հեռացնելու մանրամասները: Պարզվում է, որ աշխատանքից հեռացման հիմնական պատճառ է հանդիսացել էլեկտրաշոկերի ձեռք բերման պատմությունը:

Ֆալետտաների հարցազրույցից հետո «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում Դինո Գոլդի «բարի» համբավի մասին զարմանալի բացահայտումներ ներկայացրեց ընկերության իրավաբան Սեդրակ Ասատրյանը... Մեջբերենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում... Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան եւ Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»:

Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ նաեւ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն

արատավորելու համար, ինչպես դա արեց Եղիա Ներսեսյանի դեպքում: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է»: