Համաշխարհային ճգնաժամից հետո ամբողջ աշխարհում ինքնասպանությունների աճ է նկատվում: Այս մասին այսօր` սեպտեմբերի  10-ին, Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Թորոսյանը:

Նրա խոսքով՝ անգամ զարգացած Նորվեգիան նախորդ տարի հայտարարել է, որ սոցիալապես անապահով վիճակը ինքնասպանությունների աճ է ծնում: «Սակայն սոցիալական խնդիրներից բացի, այլ պատճառներ էլ կան որոնք ինքնասպանության պատճառ են դառնում: Դրանցից են կենցաղայինը` կոնֆլիկտային պայմաններն ընտանիքում, ինչպես նաեւ հոգեկան խնդիրները»,- նշեց հոգեբանը եւ ավելացրեց, որ ինքնասպանության կանխարգելման աշխատանքները դեռ դպրոցից պետք է սկսել:

Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին անգամ 2008-ին է վիճակագրություն հրապարակել, որի համաձայն  Հայաստանում 100 հազար բնակչից  2-ն են ինքնասպանության դիմում: