Պետությունն աշխատանքներ տանում է, բայց դեռ շատ անելիքներ ունի ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթվ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանը: Նրա խոսքով, շատ անելիքներ ունեն նաեւ եկեղեցին եւ հասարակությունը: «Պետք է հասկանանք, որ ինքնասպանության դիմածների 90 տոկոսը հոգեկան շեղումներ ունեն: Շատ երկրներում տարածված է հոգեբանական հեռախոսը: Հայաստանում  փորձեր արվել են, բայց մի քանի ամիս է տեւել: Արվեստագետներն էլ անելիք ունեն: Պետք է դրական ֆիլմեր ստեղծվեն, որի ավարտը պետք է պոզիտիվ լինի»,- առաջարկեց Ցոլակ Հակոբյանը:

Նա նշեց, որ կյանքը դարձել է շատ դժվար, լարված ու մարդիկ չեն կարողանում հարմարվել դժվարություններին: Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ միգրանտներն էլ են շատ հաճախ ինքնասպան լինում՝ հանդիպելով դժվարությունների, չտիրապետելով լեզվին ու լինելով միայնակ: Հոգեթերապեւտի խոսքով՝  ինքնասպանությունների պատճառ են դառնում նաեւ անբուժելի հիվանդությունները, շանտաժը: Ըստ նրա, կանանց եւ տղամարդկանց ինքնասպանությունների միջեւ եւս տարբերություն կա. կանայք 3-4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարում, բայց ավարտված ինքնասպանությունները տղամարդկանց մոտ ավելի շատ են:

«Ձեւերի մեջ էլ տարբերություն կա. տղամարդիկ զենքով եւ կախվելով են ինքնասպան լինում, իսկ կայանք հաճախ դեղորայքի միջոցով են այդ քայլին դիմում ու հաճախ ողջ են մնում: Օրինակ ասում են. «Չես սիրում ինձ, ինքնասպան կլինեմ»: Մի քանի հաբ են խմում եւ զանգահարում հայտնում են այդ մասին, որ օգնության հասնեն: Կամ, եթե չմահանալու նպատակ են ունենում, պարանն այնպիսի տեղ են կապում, որ գիտեն կփրկվեն: Ավելին` կանայք անգամ մահվանից հետո իրենց արտաքին տեսքի մասին են մտածում, որ ինքնասպանությունից հետո թաղման արարողության ժամանակ ինչպիսի տեսք են ունենալու»,- ասաց Ցոլակ Հակոբյանը՝ հավելելով, որ միայնակ մարդիկ էլ են ինքնասպան լինում, որոնք սեռական կյանքով չեն ապրում կամ զուգընկերոջն են կորցրել, բայց երեխաներ չունեն: