Հայաստանի խորհրդարանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ պատասխաններ չտրվեցին մեզ հետաքրքրող հարցերին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես այդպես էլ պատասխան չստացա հարցին, թե ինչ է շահում Հայաստանը մեկ տնտեսական ռեժիմը մյուսով փոխարինելով»,-ասաց Զոհրաբյանը՝ նկատելով, որ մտադիր չէ մանրամասն քննարկելի Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդարանական մի քանի խմբակցությունների նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում պարզաբանումներ է ներկայացրել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ: Հանդիպումն անցել է փակ դռների հետեւում:

Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում, սեպտեմբերի 3-ին, հայտարարվել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ հետագայում Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու մտադրության մասին: