Դիլիջանի ոլորաններում օգոստոսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի դպրոցի անձնակազմի` «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով վթարի ենթարկվելու հետեւանքով 18 տուժածներից երկուսը դեռ հիվանդանոցում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը:
Նա նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այժմ գտնվում են երկու մանկավարժ, որոնցից մեկը ողնաշարի վիրահատություն է տարել, երկրորդն էլ ոտքերի վնասվածք ուներ: Գյուղապետն ասաց, որ նրանք այժմ ապաքինվում են եւ երեւի մեկ ամսից դուրս կգրվեն:
Սամվել Վարդանյանն ասաց, որ թեեւ ուսումնական տարվա նախօրեին դպրոցի անձնակազմը վթարի էր ենթարկվել, բայց դասերը կանոնավեր ընթացել են, փոխարինող մանկավարժներ ունեն, որոնք պարապել են տուժածների փոխարեն:
Իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում, նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց պատասխանը դեռ չի եկել: Դրանց եզրակացությունից պարզ կլինի վթարի պատճառը: Հետաքրքիրն այն է, որ մինչեւ այսօր տուժածներից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, եւ եթե չներկայացնեն, ապա քրեական գործ չի հարուցվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե օգոստոսի 23-ին, առավոտյան 9.15-ի սահմաններում, Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 18 վիրավոր: Տուժածները Փարաքարի հիմնական դպրոցի աշխատակիցներ են, որոնք էքսկուրսիա էին գնում Հաղարծին:





























