Երիտասարդները հաճախ բարձր են գնահատում իրենց աշխատուժը՝ բարձր աշխատավարձ են ակնկալում, սակայն բավարար հմտություններ չունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Հայերի մոտ տարածվել է բամբասել, ստեղ-ընդեղ տարածել, նույնիսկ նախանձել, խանդել: Փոխանակ գա խելոք աշխատի գնա, սկսում է քաղաքական հարցերի մեջ մտնել, խառնվել այն գործերին, որ իրեն չեն վերաբերում»,- աշխատանք որոնողներից դժգոհեց Գ. Մակարյանը: Նրա կարծիքով՝ աշխատողը չպետք է հաշվի գործատուի եկամուտները, այլ պետք է «խելոք» աշխատի:

Գ. Մակարյանն ասաց, որ հաճախ գործազուրկներին աշխատանք է առաջարկել, սակայն նրանք «լայաղ չեն անում» այդ աշխատանքը վերցնել՝ 45-60 հազ. դրամ աշխատավարձի պատճառով: «Պետք է աշխատեն, որ հասարակության մեջ ինտեգրվեն»,- մոտավորապես կոմունիստական տիպի այսպիսի մեկնաբանություն հնչեցրեց գործատուների միության նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am