Մարդասպաններին ազատ են արձակում, իսկ մարդասպանների դեմ մեզ նման անզեն պայքարողներին փակում են կալանավայրում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, դատարանի դահլիճ մտնելուն պես հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով դատավարության հերթական դատական նիստը: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել, որ Առաքելյանի կալանքի խափանման միջոցը փոխվի, և վերջինս ազատ արձակվի` հաշվի առնելով, որ կալանքի համար չկան բավարար հիմքեր:

«Դո՜ւք փոխեք իմ խափանման միջոցը, թե չէ ես ինքս կփոխեմ իմ խափանման միջոցը»,- դատարանի դահլիճում ասել է  Տիգրանը։

Դատախազն էլ հայտարարել է, թե «նման հայտարարություն անողը պետք է մնա կալանքի տակ»:

«Հա կանեմ ու հենց հիմա էլ կարող եմ անել»,- բղավել է Տիգրանը:

Այս պահին դատարանը հեռացել է վճիռ կայացնելու:

Նշենք, որ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին` խնդրելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական և նյութական երաշխավորությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից հետո, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: