Հայաստանի հանրապետության ոստիկանությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք պետք է ընդգրկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:
Նրանք են. Հովհաննես Թադեւոսյան («Հայ փորձագետների միավորում» ՀԿ), Վիրաբ Խաչատրյան («Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ), Լյովա Հարությունյան («Կանաչ էկո-շրջան» ՀԿ), Սամսոն Մխիթարյան («Դեմոս» հետազոտական, վերլուծական կենտրոն» ՀԿ), Աննա Մարգարյան («Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ):
Ըստ ոստիկանության բացատրության՝ 2013 թ. հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով ՀՀ ոստիկանությունում հայտեր էին ստացվել թվով 12 կազմակերպությունների կողմից, որոնցից 2-ը` սահմանված կարգի պահանջների խախտմամբ: Նշված երկու կազմակերպությունների հայտերը մերժվել են: 10 հասարակական միավորումների հայտերից ՀՀ ոստիկանության պետի կողմից ընտրվել են 5 հասարակական միավորման ներկայացուցիչների թեկնածություններ` նախապատվությունը տալով իրավապաշտպան հասարակական գործունեությամբ զբաղվող հասարակական միավորումներին: Ռոտացիոն կարգով յուրաքանչյուր տարի հնարավորություն կտրվի այլ հասարակական միավորումների նույնպես ընդգրկվելու հանձնաժողովի կազմում:





























