Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա Վահան Հովհաննիսյանի հետ ունեցած մասնավոր զրույցում խոստովանել է, որ, իր կարծիքով, Թուրքիան ավելի ժողովրդավար երկիր է, քան Հայաստանը։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ պատմել է ինքը՝ Վահան Հովհաննիսյանը։

«Պետք է ասեմ, որ դրանում մենք ենք մեղավոր։ Մենք՝ մեր կեղծված ընտրություններով եւ կաշառակերությամբ արտասահմանցիների մոտ այսպիսի տպավորություն ենք ստեղծել, եւ պետք է համապատասխան հետեւություններ անենք դրանից։ Մենք մեր երկրում պետք է փոխենք ամեն ինչ, համապատասխան բարեփոխումներ անենք, որպեսզի այս կամ մեկ այլ իշխանություն, ավելի շուտ՝ այլ, կարողանա պաշտպանել պետության շահերը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ Սակայն, ընդգծել է նա, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ երկրում ապրող հայերին վտարելու մասին հայտարարությունները ցույց տվեցին թուրքական ժողովրդավարության էությունը։

«Այժմ ուզում եմ անդրադառնալ ԱՄՆ Կոնգեսի, Շվեդիայի եւ Կատալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւերի վերաբերյալ իշխանությունների հիացական հայտարարություններին։ Իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները ցանկանում են այդ փաստը ներկայացնել իբրեւ երկրի ղեկավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ հայ-թուրքական գործընթացի նախաձեռնության արդյունք։ Սակայն որպես Հայոց ցեղասպանուոթյան ճանաչումն արտերկրում լոբբինգ անող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո արտասահմանյան երկրների խորհրդարաների կողմից Ցեղասպանության ճանաչումն ավելի ու ավելի դժվար է դառնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ Որպես ասվածի ապացույց՝ նա նշել է այն, որ ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր կոնգրեսականները, ճանաչելով Ցեղասպանության փաստը, ընդգծում էին, որ քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթաց է գնում, Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն աննպատակահարմար է։ «Իմիջիայլոց, այդպես էր ասում նաեւ Սողոմոնյան կղզիների պատգամավորը, որի ձայնը վճռորոշ դարձավ բանաձեւի ընդունման հարցում։ Թե ինչ արժեցավ մեզ այդ ձայնը, գիտենք միայն մենք»,- նշել է խորհրդարանականը։