Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին դեռ ավելի վաղ պետք է ազատ արձակեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը: «Նման խոսակցություն կար, որ պետք է ազատեին: Դեռ ավելի շուտ պետք է ազատեին` 40 օր էր տրված նախնական կալանքը: Ես չէի կարողանում հասկանալ ազատ արձակման ուշացումը»,- ասաց Վահագն Չախալյանը:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ իշխանությունների վերաբերմունքը փոխվում է, նա պատասխանեց. «Չգիտեմ, թե նրանք ինչպես կարող էին վարվել: Չեմ կարող ասել, բայց կարող է մի 5 մեղադրանք էլ կողքից ավելացնեին»: Վահագն Չախալյանը նաեւ ավելացրեց, որ նման քայլերը չեն կարող ազդել իրենց սկզբունքայնության վրա եւ շարունակելու են իրենց պայքարը:
«Միամիտ պետք է լինել կարծելով, թե նման քայլերով կարող են մեզ հետ պահել մեր պայքարից»,-ավելացրեց Վահագն Չախալյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» միության ղեկավար Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ եղել էր ծեծկռտուք, որին այլ երիտասարդների հետ միասին, նաեւ Արմեն Չախալյանն էր մասնակցել, սակայն նրանք, այլ խափանման միջոցներով ազատ էին արձակվել եւ միայն Արմենի խափանման միջոցն էին կալանավորումն ընտրել: «Մեզ մոտ մտահոգություն էր առաջացրել, թե ինչու հենց Արմենը, բայց որ արդեն դատարանը նրան ազատ է արձակել՝ պայմանական տալով սա արդեն ուրախալի է ու մեզ հնարավորություն է տալիս մտածելու, որ դատարանը կարողացել է արդարացի որոշում կայացնել»:
Նա նաեւ նշեց, որ Վրաստանի իշխանությունների քայլերում դրական միտումներ է տեսնում: «Նախկին իշխանությունները նման պայմաններում մեր պատկերացումներին հակառակ որոշումներ էին կայացնում: Բայց ի բարեբախտություն Արմենի, այս անգամ դատական համակարգն արդարացի որոշում է կայացրեց»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ախալքալաքի շրջանային դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կայացել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանի հերթական դատավարությունը, որի ժամանակ դատարանը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել նրան, հաղորդում էր am.sknews.ge կայքը: Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Արմեն Չախալյանին՝ 4 տարի պայմանական եւ 2000 լարի տուգանք սահմանելով:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։ «Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։»,- նշել էր «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։
Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հատուկ ջոկատայիններից կողմից հունիսի 28-ին, իսկ հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ (խուլիգանություն), 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:





























