Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի արտաքին կապերի ենթահանձնաժողովը դիմում է հղել Բելգիայում, Լյուքսեմբուրգում, եւ Եվրամիությունում Ադրբեջանի դեսպանին, կապված ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլիի ձերբակալման փաստի հետ:

Դիմումի հեղինակները խորը անհանգստություն են հայտնում Վերաքննիչ դատարանի հուլիսի 20-ի որոշման վերաբերյալ, որով ուժի մեջ է թողնվում երկու բլոգերներին երկու ամսով կալանելու առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հիշեցնելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի պարտավորությունների մասին, հանձնաժողովի նախագահը խորը անհանգստություն է հայտնել ձերբակալության եւ քննության ընթացքում մարդու հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է ձերբակալված անձին բժշկական օգնություն տրամադրելու եւ պաշտպաններին հանդիպելու թույլտվություն տալու մասին, ինչպես նաեւ կասկած է հայտնվում, երկամսյա կալանք սահմանելու վերաբերյալ: Հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Նշենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆ Շտրասերը (Christoph Strasser) նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «քաղաքացիական հասարակության երկու ակտիվիստների` Էմին Միլիի ու Ադնան Հաջիզադեի հակասական հանգամանքներում ձերբակալության առթիվ»:

«Այդ ձերբակալությունները միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու են զրպարտության մեղադրանքով դատապարտված լրագրողների ու հասարակական ակտիվիստների գործերին: Իմ զեկույցի պատրաստման ընթացքում ես մեծ ուշադրություն եմ հատկացնելու ընդդիմադիր ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությանը»,- վստահեցրել է Քրիստոֆ Շտրասերը:

Հիշյալ երկու բլոգերները ձերբակալվել են հուլիսի 8-ին: Նրանք Բաքվի «Լիբանան» ռեստորանում ճաշելիս են եղել, երբ անհայտ անձանց կողմից ենթարկվել են հարձակման: Այնուհետեւ ոստիկանական բաժանմունքում նրանց վրա հարձակված անձանց հետ առերեսում անելուց հետո բլոգերներին կալանավորել են, իսկ հարձակվողներին ազատ արձակել: Մեկ օր անց պարզվել է, որ իրավապահները բոլոգերների նկատմամբ քրեական գործ են հարուցել Ադրբեջանի Քր.օր. 221.2 հոդվածի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից խուլիգանական արարք: