ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս կուսակցական ժողովում անդրադարձել էր Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշմանը եւ քաղաքագիտական վերլուծություն արել: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նա մտահոգություն հայտնեց, որ եթե առաջ իրենց արեւմտամետի պիտակ էին կպցնում, հիմա իշխանությունը փորձելու է «հակառուսի» պիտակ կպցնել:
Մաքսային միություն մտնելու որոշումը դատապարտող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Դուք նման մտավախություն չունե՞ք, որ ձեզ էլ կփորձեն հակառուսի պիտակներ կպցնել: Նա պատասխանեց. «Հանրապետության» համագումարում, 2003-ին, երբ ասացի, որ Հայաստանը պիտի կտրի պորտալարը ՌԴ-ից, արդեն սկսեցին պիտակել:
Ես պիտակներից չեմ վախենում: Ցավոք, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղացող չէ, այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունները Արեւմուտքը եւ Ռուսաստանն են, մենք ստիպված ենք աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ ընտրություն կատարել: Ո՞ր ուղին անցնելով՝ կհասնենք բարեկեցության: Նրանք, ովքեր համարում են, որ Ղազախստանի, Բելառուսի, ՌԴ-ի նման պետք չի, որ իշխանություններն ընտրվեն, համաձայն են հետամնաց տնտեսության ու կոռուպցիայի գոյատեւման, թող գերադասեն Մաքսային միությունը: Ես հարգում եմ նրանց տեսակետը, բայց չեն կարող ընդունել: Ես գտնում եմ, որ Եվրոպան վերցրեց քրիստոնեության մեջ ամրագրված համամարդկային արժեքները եւ ներմուծեց քաղաքական դաշտ: Այսօր նրանց կենսամակարդակը ամենաբարձրն է՝ նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Այնտեղ է, որ երիտասարդը, կրթություն ստանալով՝ առաջընթաց է ունենում, այնտեղ է, որ գիտությունը զարգանում է, մարդը հարգված է»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























