Թուրքիայում կրկին խռովություններ են, շատ քաղաքներում հակակառավարական ցույցեր են կայացել, որոնք ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Անկարայի բնակիչները  ցույցի են ելել՝ բողոքելով  Հաթայ քաղաքում 22-ամյա ցուցարար Ահմեդ Աթաքանի մահվան կապակցությամբ:

Սեպտեմբերի 9-ին մոտ 150 երիտասարդներից կազմված խումբը Թուրքիայի հարավային Հաթայ քաղաքում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ODTU համալսարանի տարածքում անտառային զանգվածի հատման:

Ոստիկանության հետ բախումների ընթացքում Աթաքանը գլխի վնասվածք էր ստացել եւ հիվանդանոցում մահացել: Ցուցարարների պնդմամբ՝ նրա գլխին գազային նռնակ է դիպել:  Իշխանությունները պնդում են, որ նա տանիքից է ընկել, երբ փորձում էր հանել արեւային մարտկոցը եւ դրանով հարվածել ոստիկաններին:

Թուրքական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերը, այդ թվում Քըզըլայը, սեպտեմբերի 10-ին փակվել էին: Հարյուրավոր մարդիկ կայծակնային արագությամբ շինարարական եւ կենցաղային աղբով բարիկադներ էին տեղադրել երթեւեկելի մասում: Ոստիկանությունն արցունքաբեր եւ պղպեղային գազ էր կիրառել:

Ոստիկանության հետ բախումներ տեղի են ունեցել Թուրքիայի շատ քաղաքներում: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ իրավիճակը այս տարվա հունիս-հուլիսի զանգվածային հակակառավարական ցույցերն է հիշեցնում, որոնք սկսվել էին ի պաշտպանություն Ստամբուլի Գեզի այգու: