Քանի որ Հայոց ցեղասպանությունն անպատիժ է մնացել, Թուրքիայի հայտարարությունները եւ գործողությունները ավելի լկտի են դառնում, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույյցի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ իր երկրում ապրող հայերին վտարելու մասին։

Նա նշել է, որ Թուրքիայում այնքան էլ շատ միգրանտներ չկան, որպեսզի բարձրացվի նրանց վտարելու հարցը։ Բացի այդ, Թուրքիան չպետք է մոռանա, որ 21-րդ դարի իրավիճակը տարբերվում է 20-րդ դարասկզբի իրավիճակից։ Այն ժամանակ, նկատել է նա, միջազգային հանրության մոտ Հայոց ցեղասպանությունն անցել է լուռ համաձայնությամբ, իսկ այսօր աշխարհը նման բանի կրկնություն չի հանդուրժի։ «Այսօր Էրդողանը խոսում է Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 70 հազար հայերի մասին։ Իսկ ինչո՞ւ այսօր այնտեղ ապրում է 70 հազար եւ ոչ թե 5 մլն հայ. միջազգային հանրությունը երբեւէ իրեն այս հարցը տվե՞լ է։ Չնայած լիովին հնարավոր է, որ Թուրքիայում 5 մլն կրոնափոխ հայ է ապրում»,- նկատել է Սահակյանը։ «Թուրքիայի պատմությունը արյունախում պատմություն է, եւ այսօր Անկարան Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի համար պետք է երախտապարտ լինի Երեւանին, քանի որ այս կերպ նա հնարավորություն է տալիս Թուրքիային քավել իր մեղքը»,- հայտարարել է հանրապետական գործիչը։ «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության եւ իր իրական դեմքի հետ»,- նկատել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերում երբեք զիջումների չի գնա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայի վարչապետը 21-րդ դարում խոսում է Օսմանյան Թուրքիայի չինովնիկի լեզվով։ «Նմանօրինակ հայտարարությունները խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերություններին, սակայն չնայած դրան՝ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը եւ պատրաստ է հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք զիջումների կգնանք Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում»,- նկատել է Սաֆարյանը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ, երբ Ֆրանսիան ճանաչեց Ցեղասպանությունը, Թուրքիայում ապրող հայերին վտարելու մասին սպառնալիքներով հանդես եկավ այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլերը։

Միեւնույն ժամանակ պատգամավորը լավատեսություն է ցուցաբերել. «Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Թուրքիայի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական ակտիվություն կնկատվի»,- հայտարարել է Սաֆարյանը։