Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի եւ «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում եւ մասնակցելու է նաեւ Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Նախագահը բարձր է գնահատել Յուրի Բաշմետի գործունեությունը եւ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգեւատրել Պատվո շքանշանով: «Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի եւ անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց: Իրականում դա շատ կարեւոր է, առավել եւս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ»,-ասել է նախագահը եւ շնորհակալություն հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար եւ՛ դժվարին, եւ՛ ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու եւ սատարելու համար:
Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգեւի արժանանալը եւ շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:































