«Կուսակցությունից անջատված այդ մի քանի մարդկանց ես թեւ չեմ համարում, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ նրանք համագործակցում են իշխանությունների հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով ներկուսակցական խմորումների ներկայիս իրավիճակի եւ ՍԴՀԿ «շիրխանյանական թեւի» մասին ։
Նրա խոսքով, Պերկուպերկյան ատենապետ, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ այդ ազգանունը «շիրխանյանականների» կողմից բարձրաձայնվեց ընդամենը երկու անգամ, որպեսզի ընդգծվի, թե իրենք էլ ատենապետ ունեն. «Ո՞վ են իրենք իրականում։ Քաղաքական դաշտում նրանք գոյություն չունեն, չկան ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական դաշտում, եւ ես համոզված եմ, որ այդ մարդկանց երբեւէ չի հաջողվելու գրանցվել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անվան տակ»,- ընդգծեց նա։
ՍԴՀԿ ատենապետը տեղեկացրեց նաեւ, որ «շիրխանյանականները» դատարանում վիճարկում են իր 2004 թ. ատենապետության հարցը. «Դատական գործընթացը դեռեւս չի սկսվել եւ չեմ բացառում, որ դատական գործընթացը ձգձգվում է ոմանց միջամտությամբ։ Այդ կերպ նրանք հույս ունեն դեռեւս մեկ-երկու ամիս իրենց մասին հիշեցնել տալ»,- ամփոփեց Լ. Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկուսակցական խմորումների արդյունքում ՍԴՀԿ բաժանվեց երկու թեւերի՝ իրական, որ ղեկավարվում է կուսակցության ատենապետ Լ. Սարգսյանի կողմից, եւ «շիրխանյանական», որը հայտարարում է, թե Լ. Սարգսյանի ատենապետությունն անօրինական է եւ ի դեմս Գեւորգ Պերկուպերկյանի՝ իր համար նոր ատենապետ է ընտրել։



















