Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները ԵԱՀԿ նիստի շրջանակներում մայիսին կարող են հանդիպել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend News-ը, մարտի 20-ին լրագրողներին հայտնել էԱդրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան։ «Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կազմակերպում է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումներ, եւ հնարավոր է, որ այդ հանդիպումներից հաջորդը մայիսին տեղի ունենա Աստանայում»,- հայտարարել է Մուրադովան։

Հիշեցնենք, որ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները վերջին անգամ հանդիպել էին հոկտեմբերի 22-ին՝ Ռուսաստանի Պետդումայում։ Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ Օղլին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։