Իսպանիայի հյուսիս արեւմուտքում երկվորյակների քաղաք կա. ոչ մեծ Կամարինյաս բնակավայրում ջրի կաթիլների պես իրար նման 12 զույգ քույրեր եւ եղբայրներ են ապրում:
Երկվորյակների քաղաքը շուրջ 6 տարի առաջ էին հայտնաբերել, եւ այդ օրվանից տեղի մարդիկ տեսախցիկների նշանակետում են: Այս ֆենոմենը դժվար է բացատրել: Բնակիչները պնդում են, որ պատճառը «կախարդական» աղբյուրն է: Մարդիկ հավատում են հրաշագործ շատրվանի զորությանը. Դրանից ջուր խմող մարդիկ կարող են երկվորյակների լույս աշխարհ բերել, գրում է Life News-ը:
Բայց երկվորյակների ֆենոմենը միայն Իսպանիայում չէ: Բրազիլիայում եւ Նիգերիայում էլ կան նման վայրեր, որտեղ եւս անհայտ պատճառներով հաճախ երկվորյակներ են ծնվում:
Գիտնականներին այդպես էլ չի հաջողվում պարզել անսովոր փաստի պատճառը: Մարդկանց մեծամասնությունը լեգենդին է հավատում, մյուս մասն էլ պատահականությանն է վերագրում:
Կամարինյասում զույգերի ծնունդն արդեն առնվազն երկու հարյուր տարվա պատմություն ունի: Այստեղ տարբեր տարիքի երկվորյակներ են ապրում՝ 70-ից մինչեւ նորածին:




























