Քիմիական զենքի արգելքի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը ՄԱԿ-ի կանոնակարգի 7-րդ գլխին (ուժ կիրառելու մասին) հղումներ չի պարունակելու, սեպտեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ բանակցությունների ավարտին:
«Մենք այդ մասին հստակ ասացինք Ժնեւում: Սակայն այնտեղ կպարունակվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի պարտավորությունները՝ ՔԶԱԿ-ի Կառավարման խորհրդի որոշումների կատարման ընթացքը պարբերաբար վերահսկելու վերաբերյալ: Եթե համագործակցությունից հրաժարվելու դեպքեր լինեն, կամ էլ խոչընդոտների մասին լուրեր որեւէ կողմից, կամ էլ, Աստված չանի, որեւէ մեկի կողմից քիմիական զենք կիրառելու մասին լուրեր, այդ ժամանակ ԱԽ-ն կքննարկի այդ իրավիճակը», - ընդգծել է նախարարը: «Պետք է հասկանալ՝ արդյոք այդ լուրերը սադրանք են, թե ոչ: Այդպիսիք շատ են եղել», - նշել է նախարարը:
Սիրիայում քիմիական զենք կիրառելու իրավիճակի քննությունը կդառնա «լակմուսի թուղթ»՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հետագա աշխատանքի համար, հայտարարել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ Սիրիայի ծայրահեղական ընդդիմությունը սվիններով է ընդունել Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ ռուս-ամերիկյան նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ այսպես կոչված «Հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան» սվիններով է ընդունել ռուս-ամերիկյան նախաձեռնությունը՝ Կոնվենցիայի մեխանիզմներով Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ, քանի որ իրենք հուսով էին, որ այդ խնդիրը լուծվելու է ռազմական ներխուժման ճանապարհով: «Նրանք հիասթափված էին, որ ներխուժում տեղի չունեցավ, եւ հարցը տեղափոխվեց զուտ իրավա-քաղաքական հարթություն», - ասել է նախարարը:





























